Ֆինանսական հատվածի մրցակցությանը դիմակայելու, չաշխատող վարկերի, վարկի եւ դեղահաբի նմանության, ինչպես նաեւ գյուղվարկավորման ոլորտի խնդիրների շուրջ Banks.am-ը զրուցել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի փոխտնօրեն Արամ Ղուկասյանի հետ:
- Պրն Ղուկասյան, ֆինանսական համակարգը Հայաստանում աչքի է ընկնում մրցակցության բարձր մակարդակով եւ վարկային առաջարկների բազմազանությամբ: Ի՞նչ տեղ ունի «Գլոբալ Կրեդիտ»-ը շուկայում, եւ որքանո՞վ է ընկերությանը հաջողվում դիմակայել սուր պայքարին:
- Մեր օրերում ֆինանսական հատվածի խաղացողների միջեւ մրցակցությունը հասել է այնպիսի աստիճանի, որտեղ իր ապագան համակարգում տեսնող որեւէ հաստատություն չի կարող տեղում կանգած մնալ, այլ անընդհատ պետք է ներկայացնի հաճախորդներին նոր առաջարկներ, բարձրացնի ֆինանսական ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու որակը:
«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն, անգամ առանց մասնաճյուղային ցանցի առկայության, ֆինանսական ծառայություններ է մատուցում Երեւանում, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ առաջարկելով բազմատեսակ վարկային գործիքներ:
Երբեմն մրցակցությանը դիմակայելու առանձին կազմակերպությունների գերնպատակը, կամ, ինչպես նշեցիք, «պայքարը», անմիջականորեն անդրադառնում է հաճախորդների վրա՝ արտահայտվելով վերջինների վարկային գերբեռնվածությամբ: «Գլոբալ Կրեդիտ»-ը, առաջնորդվելով հաճախորդների պաշտպանության սկզբունքներով, իր վարկային քաղաքականությամբ փորձում է բացառել նման դեպքերը եւ խստորեն հետեւում է վարկերի նպատակային օգտագործմանը:
- Վերջին շրջանում տնտեսությունում չաշխատող վարկերի հարաբերակցությունը հասել է մտահոգիչ մակարդակի՝ 10%: Այս առումով՝ ի՞նչ իրավիճակ է Ձեր ընկերությունում, որքանո՞վ է սուր դրված հաճախորդների վարկային բեռնվածության խնդիրը:
- Բարեբախտաբար, կարող եմ փաստել, որ մեր կազմակերպությունում չաշխատող վարկերի տոկոսը կամ վարկային պորտֆելի ռիսկի տոկոսը բավական ցածր է եւ հեռու է նշված ցուցանիշից. այն չի գերազանցում 4%-ը:
Այդուհանդերձ, առկա չաշխատող վարկերի որոշակի մասը խնդիրներ ունի «ուժերից վեր բեռ կրելու» ցանկության հետ: Վարկը նման է դեղահաբի. երբ քիչ չափաբաժինը հիվանդին չի օգնի, ապա պահանջվածից մեծը, միանշանակ, կվնասի: Շատ հաճախ ֆինանսական կառույցները, լինելով բժշկի դերում, վաճառում են առկա «ազատ ավելցուկային դեղորայքը» այլ բժշկի մոտից անմիջապես իրենց մոտ եկած հաճախորդին՝ առանց ախտորոշման:
- Գյուղվարկավորումը «Գլոբալ Կրեդիտ»-ի գործունեության կարեւոր ուղղություններից է: Որո՞նք են, ըստ Ձեզ, ոլորտի հիմնական ռիսկերը, եւ ի՞նչ քայլեր է իրականացնում ընկերությունն այս ռիսկերին արձագանքելու ուղղությամբ:
- Բացի վերը նշված շուկայական եւ հաճախորդների վարկային գերբեռնվածությամբ պայմանավորված ռիսկերից, գյուղվարկավորման մասին խոսելիս պետք է անդրադառնալ եղանակային անբարենպաստ պայմաններից (hիմնականում` ցրտահարություն, կարկտահարություն) բխող ռիսկերին:
Առանց հատուկ անդրադառնալու Հայաստանում այսօր օգտագործվող հակակարկտային կայանների արդյունավետությանը, որոնք կարող էին որոշակի ապահովության զգացում առաջացնել վարկատուների մոտ, պետք է փաստեմ, որ ֆինանսական կառույցների կողմից ռիսկերը զսպելու մեխանիզմներ իրականում չկան կամ սահմանափակ են: «Գլոբալ Կրեդիտ»-ը մշտական աշխատանք է տանում իր հաճախորդների հետ` հորդորելով նրանց դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները եւ նվազագույնի հասցնել կախումը եղանակային պայմաններից:
Մեր կազմակերպության պահանջներին համապատասխան` գյուղատնտեսությամբ զբաղվող հաճախորդների վարկավորման պայմաններից է ստացվող եկամտի առնվազն 2-3 աղբյուրների առկայությունը: Մենք հնարավորինս արագ արձագանքում ենք եղանակային անբարենպաստ պայմաններից տուժած հաճախորդների կարիքներին՝ փոփոխելով նրանց վարկերի պայմանները եւ մարման ժամանակացույցը:
Անգամ բարենպաստ եղանակային պայմաններում, երբ հաճախորդը ստացել է առատ բերք, առկա են ոչ պակաս «վնասակար» ռիսկեր, որոնք անմիջականորեն ազդում են վարկառուների վճարունակության վրա: Խոսքս մթերման ոչ ճիշտ կազմակերպման, մթերողների կողմից վճարումներն ուշացնելու, ինչպես նաեւ մթերման ցածր գների սահմանման մասին է: Տվյալ դեպքում վարկառուներն ունենում են մարման խնդիր, որը, թերեւս, հնարավոր լիներ մեղմել գյուղոլորտի ապահովագրության համակարգի առկայության պայմաններում:
- Իսկ որքանո՞վ է գյուղատնտեսության ապահովագրության բացակայությունը խոչընդոտում ոլորտի վարկավորումը, մասնավորապես՝ «Գլոբալ Կրեդիտ»-ում:
- Թեման բավական արդիական է: Իրոք, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական գործիքների կիրառումը կարող է բավական մեծ խթան դառնալ երկրի տնտեսության այս կարեւորագույն ճյուղի զարգացման համար:
Խոսեցինք եղանակային անբարենպաստ պայմաններից բխող ռիսկերի մասին. ֆինանսական կառույցն արդյոք ի վիճակի՞ է ամբողջությամբ իր վրա կրել այդ ռիսկը՝ անընդհատ վերանայելով վարկային պայմանագրերն ու հետաձգելով մարումները: Միանշանակ՝ ոչ:
Սակայն ակնկալել, որ բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ հավասարապես այդ ռիսկը պատրաստ կլինեն կրել մասնավոր ապահովագրական ընկերությունները, նույնպես իրատեսական չէ. գյուղոլորտին բնորոշ ռիսկերի հավանականությանը եւ մեծությանը զուգահեռ` բավական բարձր են լինելու ապահովագրավճարները, ինչն էլ խոչընդոտելու է այս գործիքի զարգացումը:
Այստեղ կարեւոր է պետության դերն ու հատկապես՝ նրա մասնակցությունը: Աշխարհի երկրների մեծ մասում, այդ թվում՝ հարեւան երկրներում, գյուղատնտեսությունը պետությունից ստանում է մեծ աջակցություն: Եվ հենց պետության մասնակցությունը՝ գյուղոլորտի ապահովագրության համակարգի հիմքերը դնելու գործում, պետք է վստահություն եւ ապահովված լինելու զգացում հաղորդի ինչպես գյուղացուն, այնպես էլ գյուղատնտեսական վարկավորմամբ զբաղվող ֆինանսական կառույցներին:
- Տարին մոտենում է ավարտին: Ի՞նչ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ եք նախատեսում իրականացնել հաջորդ տարում՝ 2017-ին, այդ թվում՝ գյուղվարկավորման ուղղությամբ:
- «Գլոբալ Կրեդիտ»-ը շարունակելու է ընդայնել իր գործունեության աշխարհագրությունը, էլ ավելի բարձրացնել ծառայությունների եւ սպասարկման որակը, ինչես նաեւ ներկայացնել նոր առաջարկներ: Նախատեսում ենք գործարկել նոր համակարգեր, որոնք հնարավորություն կտան մեր հաճախորդներին սպասարկել իրենց վարկերը` առանց իրենց գործից կտրվելու եւ գրասենյակ այցելելու:
Մենք գիտենք մեր հաճախորդների պահանջները եւ միշտ պատրաստ ենք բավարարել դրանք:
Արամ Ղուկասյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը