Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ
17. 11. 2017

 

2017 թվականի նոյեմբերի 23-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: Առաջին տրանշով կտեղաբաշխվի  1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7  (յոթ)  % տարեկան արժեկտրոնային եկատաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 (տասը հազար) հատ անվանական արժեկտրոնայյին, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 100.00 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:

Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի  300,000,000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10  (տասը)  % տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 1 տարի շրջանառության ժամկետով, 10,000 (տասը հազար)  ՀՀ դրամ անվանական արժեքով 30,000 (երեսուն հազար) հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ դրամային պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:

«Ներկա պարագայում կազմակերպությունում առկա է մոտ 15 հազար հաճախորդ, որոնց հետ ակտիվ աշխատանք է տարվում շատ երկար ժամնակ»,-ասում է ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը։

Նրա խոսքով՝ 2015 թվականից վարկային կազմակերպությունն առաջինն է եղել, որ սկսել է պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում։

 «Մենք փորձելու ենք մեր հետագա աշխատանքները նույնպես կապել մեր պարտատոմսերի թողարկման հետ, իսկ ներգրավված դրամական միջոցները նույնպես ուղղելու են նորանոր վարկատեսակների ստեղծմանն ու նեդրմանը»,-վստահեցնում է Լ. Իգրարյանը։

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանի խոսքով՝ կազմակերպության պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:

«Այս անգամ ևս, ինչպես 2015 ու 2016 թվականներին, մենք տեղաբաշխման ու թողարկումների գործառույթների կազմակերպումը վստահել ենք մեր վաղեմի գործընկեր «Ռենեսա» ներդրումային ընկերությանը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ հաջողությամբ է իրականացրել կազմակերպության պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը»,-նշում է Ա. Ղուկասյանը։

«Աճուրդի հայտերի ընդունումը կսկսվի բորսայի բացվելուց հետո՝ ժամը 11։00-ին ու կտևի մինչև 13։30-ը, որից հետո կամփոփվեն արդյունքները, կկայացվի աճուրդն ու ժամը 15։00-ից հետո կիրականացվի վերջնահաշվարկը»,-մանրամասնում է «Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը։

 Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում, համապատասխանաբար՝ www.globalcredit.am և www.renesa.am հասցեներով:

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են www.nasdaqomx.am ինտերնետային կայքում:

Պարտատոմսերում ներդրում կատարելու համար անձինք պետք է նախապես դիմեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հաշվի օպերատորներին՝ նրանց միջոցով արժեթղթերի դեպո հաշիվների բացման և սպասարկման համար: ՀԿԴ-ի օպերատորների ցանկը ներկայացված է «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.cda.am:

Պարտատոմսեր ձեռք բերող անձը, նախքան ներդրում իրականացնելը, պարտավոր է նաև ցանկացած բանկում իր անվամբ բացել դոլարային և դրամային բանկային հաշիվ (նման հաշիվներ չունենալու դեպքում):