Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի երրորդ և չորրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում: Երրորդ թողարկման արտարժութային (դոլարային) պարտատոմսերը ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային Bbond ցուցակում, իսկ չորրորդ թողարկման դրամային պարտատոմսերը թույլատրվել են առևտրին Cbond ազատ շուկայում: Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող (market maker) հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը:
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ի երրորդ թողարկման՝ 1 000 000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 9% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում GLBLB3 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու է հասցեական և ռեպո գործարքների կնքումը:
Ընկերության չորրորդ թողարկման՝ 200 000 000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 2 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 14% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում GLBLB4 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու է հասցեական և ռեպո գործարքների կնքումը:
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 24-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:
Երրորդ թողարկման դոլարային պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կամ ընդհանուր պահանջարկը կազմել է 1,663,372 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 1,000,371.71 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 100 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը՝ 9%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 8.9856%:
Չորրորդ թողարկման դրամային պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կամ ընդհանուր պահանջարկը կազմել է 410,030,102 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 200,030,102.30 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը՝ 14%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 13.9911%: