ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ազդարարվեց «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի բորսայական առևտրի մեկնարկը
21. 01. 2016

 27.01.2016թ.-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ազդարարվեց «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի բորսայական առևտրի մեկնարկը:

Հիմնադրամի 1-ին և 2-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ցուցակման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից և ՀՀ ֆինանսական ընկերություններից:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը բացման իր խոսքում նշեց. «Այս օրը շատ կարևոր է ՀՀ արժեթղթերի շուկայի համար, քանի որ մենք ականատես ենք լինում նոր ֆինանսական գործիքի ծնունդին, որը բացառիկ է և աննախադեպ իր կառուցվածքով, շահառուների քանակով, ինչպես նաև ֆինանսկան հոսքերի սխեմայով»:

Հիմնադրամի առաջին թողարկման՝ 1,132,800 ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 շրջանառության ժամկետով, արժեկտրոնի 8.5% տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN - AMLPSFB21ER2) շրջանառվելու են Բորսայում LPSFB1 հապավմամբ, իսկ երկրորդ թողարկման՝ 446,260,000 ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, արժեկտրոնի 15% տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN - AMLPSFB22ER0)՝ LPSFB2 հապավմամբ:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր ելությում ողջունեց և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում և նշեց, որ նշված գործիքի միջոցով լրացուցիչ ֆինանսական միջոցներ են ձևավորվում, որոնք կարող են ուղղվել գյուղերի զարգացմանը և վարկային ֆինանսավորման ապահովմանը:

«Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի Գլխավոր Տնօրեն Տիգրան Կարապետյանն իր հերթին նշեց, որ այս ֆինանսկան գործիքի ներդրումային գրավչության բարձրացման կարևոր պայմաններից է երաշխավորությունը, որը ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է պարտատոմսերի սեփականտերերին մայր գումարի 50%-ի չափով: Նա նաև հավելեց, որ այս նախագիծը պետություն-մասնավոր հատված համագործակցության արգասիքն է:

«ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի մասին «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2015 թվականի օգոստոսի 31-ին «Ակտիվների արժեթղթեվորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բացառապես արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման գործունեություն իրականացնելու նպատակով:

Հիմնադրամը 2015 թ. սեպտեմբերի 16-ին գրանցվել է Հայաստանի կենտրոնական բանկում՝ որպես արժեթղթավորման հիմնադրամ: Հիմնադրամը հիմնադրվել է երեք տարի ժամկետով՝ սկսած այն ամսաթվից, երբ կավարտվի ակտիվներով ապահովված թողարկված արժեթղթերի տեղաբաշխումը՝ մինչև 18 ամիս երկարաձգման հնարավորությամբ: Հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել հիմնադրամի կառավարչի՝ «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի պաշտոնական կայք՝ http://www.capital.com.am: