«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ -ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում
01. 01. 2016

Այսօր՝ 2015 թվական դեկտեմբերի 2-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի առաջին և երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում: Առաջին թողարկման արտարժութային՝ դոլարային պարտատոմսերը ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային Bbond ցուցակում, իսկ երկրորդ թողարկման դրամային պարտատոմսերը թույլատրվել են առևտրին Cbond ազատ շուկայում:


«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ի առաջին թողարկման՝ 1 000 000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 2 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 9.5% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում GLBLB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու է հասցեական և ռեպո գործարքների կնքումը:


Ընկերության երկրորդ թողարկման՝ 100 000 000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 1 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 1 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 15% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում GLBLB2 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու է հասցեական և ռեպո գործարքների կնքումը:


Նշենք նաև, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ի պարտատոմսերով ցուցակման առաջին իսկ օրը տեղի են ունեցել գործարքներ:


Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 17-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:


Առաջին թողարկման դոլարային պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կամ ընդհանուր պահանջարկը կազմել է 1,218,089.25 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 1,000,089.25 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 100 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը՝ 9.5%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 9.495%:


Երկրորդ թողարկման դրամային պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կամ ընդհանուր պահանջարկը կազմել է 161,009,000 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 100,009,000 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը՝ 15%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 14.9901%: