Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի ավարտն արդեն իսկ հայտարարված է և հայտնի են մրցույթը հաղթահարած “AR magic” և “Web Pro by Game” երկու նախագծերը: Վերոնշյալ թիմերի հետ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն և «ՌԵՆԵՍԱ ներդրումային ընկերություն» ՓԲԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր:
«Մրցույթը հաղթահարած 2 թիմերից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում կստանա ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար»,- նշեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Լուիզա Իգրանյանը,- «Հուսով ենք և աշխատելու ենք այն ուղղությամբ, որ ծրագիրը հասնի իր նպատակակետին և կրի շարունակական բնույթ» :
«Շնորհակալություն ենք հայտնում Գլոբալ Կրեդիտին՝ ընձեռած հնարավորության համար: Դա օրինակ կարող է հանդիսանալ և ըստ իս՝ պետք է հանդիսանա մյուս կազմակերպությունների համար, որպեսզի խթանեն ստարտափներին կյանքի կոչել իրենց գաղափարները: Մեր նախագիծն է՝ հայկական հեքիաթների մոտիվներով ստեղծված ներկելու գրքեր, որոնք համեմված են լրացված իրականության տեխնոլոգիայով: Նորագույն տեխնոլոգիաներով փորձում ենք ավելի ինտերակտիվ դարձնել սովորական դարձած ուսուցողական ժամանցային գործընթացը»,- նշեց AR Magic նախագծի ղեկավար Հայկ Վարոսյանը:
Web Pro by Game նախագծի ղեկավար Հայկ Առաքելյանը ծրագրի վերաբերյալ նշեց,-«Արդեն երկար տարիներ է , ինչ զբաղվում ենք վեբ ծրագրավորմամբ, ինչպես նաև ուսուցանում ենք: Այս ծրագրով մենք կկարողանանք ոչ միայն հայկական շուկայում,այլև այլ երկրներում տարածել մեր ծառայությունը և խաղերի միոցով իրականացնել ուսուցում, որն արդեն ավելի գրավիչ կդարձնի սովորելու ընթացքը: Այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն կատարել ենք, սակայն առանց օգնության չէինք կարող շարունակել: Ուրախ ենք, որ դարձել ենք մրցույթի հաղթող և այժմ, ստանալով աջակցությունը, կփորձենք ստեղծել պրոեկտ, որը տարածում կգտնի ամբողջ աշխարհում»:
«Շատ ուրախ ենք, որ այսօր ունեցանք համագործակցության հուշագրերի ստորագրում մեր գործընկեր թիմերի հետ: Երբ խոսքը գնում է Գլոբալ Կրեդիտի մասին ենթադրվում է, որ պետք է խոսենք վարկերի մասին, սակայն այս անգամ այդպես չէ, այս անգամ խոսքը գնում է առանց որևէ տոկոսի ֆինանսական ներդրման մասին, որի միջոցով հաղթած թիմերը կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները: Մենք հետևողական կլինենք, որպեսզի միջոցներն օգտագործվեն նպատակային և արդյունքում կունենանք արտադրանք, որը կծառայի ժողովրդին և ստեղծագործ թիմերին»,- իր խոսքում նշեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր մարտի 23-ին և նպատակն էր տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին աջակցել՝ ներդրումների իրականացման միջոցով: Հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ և մրցույթի արդյունքում ընտրվել են լավագույն 2 առաջարկները: