Նախապես հայտարարված մրցույթին հայտ են ներկայացրել մի քանի տասնյակ ստարտափներ: Նրանցից ընտրված տասը մասնակիցները մրցութային այս փուլում հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց բիզնես պլանը:
Յուրաքանչյուր գաղափարի հեղինակի տրվեց 5 րոպե ժամանակ` ներկայացնելու իր նախագիծը և համոզելու «բիզնես հրեշտակներ»-ին, թե ինչու է պետք ընտրել հենց իր նախագիծը: Ներկայացված գաղափարները հիմնականում վերաբերում են ՏՀՏ ոլորտին` ծրագրային ապահովում, ինտերնետ, մոբայլ տեխնոլոգիաներ: Հաշվի է առնվում ամեն ինչ` սկսած գաղափարը ներկայացնողի ինքնավստահությունից, մտքի հետաքրքրությունից մինչև բիզնես մոդել և եկամուտների կանխատեսում:
Ծրագրի նպատակն է մատչելի վարկավորման եւ վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական եւ այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:
Արդյունքում ընտրվել են հինգ լավագույնները, որոնք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն եւ առաջիկայում կմրցեն եզրափակչում:
«Մենք ցանկանում ենք գնահատել ոչ թե ստարտափների ներկայացրած բիզնես պլանները, այլ մտքի թռիչքը, նորամուծությունը, քանի որ սա նման ձեւաչափի միջոցառում կազմակերպելու մեր առաջին փորձն է, միգուցե՝ հաջորդ անգամ ավելի ճիշտ կատարենք հարցադրումները, որպեսզի ներկայացվող ծրագրերը շատ ավելի համապատասխանեն մեր կողմից դրված պահանջներին»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ»-ի խորհրդի անդամ Արայիկ Կարապետյանը:
«Հաղթողը կստանա մինչեւ 10 մլն դրամի ֆինանսավորում. սա ներդրում է բաժնեմասի դիմաց: Գաղափարի դիմաց ստարտափներին ֆինանսավորող նման ծրագիր առաջին անգամ է Հայաստանում իրականացվում: Գաղափարի փուլում ֆինանսավորումը շատ ռիսկային է եւ միաժամանակ՝ շատ հետաքրքիր»,- ասել է «Նիկիտա Մոբայլ»-ի տնօրեն Արա Յաղջյանը: