Հասել ենք գրեթե բոլոր թիրախային կետերին
01. 01. 2019

 

 Իրադարձություններով լի տարին ավարտվում է, ինչպիսի՞ն էր այն Գլոբալ կրեդիտի համար։

-Շուկայում միշտ փորձել ենք լինել առաջատար ընկերություն և ապացուցել ենք, որ քայլում ենք ժամանակին համընթաց: Այս տարի ներդրեցինք մի շարք նոր գործիքներ` կապված հաճախորդների արագ և հարմարավետ սպասարկման հետ, որոնք շարունակաբար ավելի ենք զարգացնում և շարժվում ենք առաջ դեպի ֆինտեխ ընկերություն: Բացի մեր ամենօրյա վարկավորման գործառույթներից, 2018թ-ին իրականացրեցինք պարտատոմսերի հերթական թողարկում, նորաստեղծ ստարտափ ընկերության ֆինանսավորում, մի շարք սոցիալական ծրագրեր և դա դեռ ամենը չէ: Տարին բավական հաջող էր կազմակերպության համար, քանի որ նախանշված գրեթե բոլոր թիրախային կետերին հասել ենք:

Գումարային առումով որքա՞ն վարկ տրամադրեցիք այս տարի, որքա՞ն ավելացավ հաճախորդների թիվը

- Գրանցել ենք հաճախորդների թվի կրկնակի աճ: Դա խոսում է կազմակերպության նկատմամբ վստահության, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների որակի ու վարկային գործիքների պահանջված լինելու մասին: Ինչ վերաբերում է վարկային պորտֆելին, ապա  միայն այս տարի դրա զուտ աճը կազմել է շուրջ 5 մլրդ ՀՀ դրամ:

Վարչապետն օրերս հայտարարեց, որ բանկերը և վարկային կազմակերպությունները մի քանի միլիարդ դրամի վարկային պարտավորությունները զրոյացրել են։ Գլոբալ Կրեդիտն այդ կազմակերպությունների թվու՞մ է։ Ընդհանրապես ի՞նչ հիմքով է ներվում պարտավորությունը։

- Միանշանակ Գլոբալ Կրեդիտն այն կազմակերպությունների թվում է, որոնք կատարել  են իրենց հաճախորդների ժամկետանց վարկային պարտավորությունների գծով զգալի զիջումներ: Պետք է նշել, որ Գլոբալ Կրեդիտ ընկերությունը արդեն  իսկ 2017թ-ի սկզբին ներդրել էր զիջումների համակարգ, որի համաձայն դժվար կացության մեջ հայտնված և ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդները կարող էին զրոյացնել պարտքերը՝ օգտվելով տարիների ընթացքում կուտակված տույժերի ընդհուպ մինչև 100 տոկոս չափով զիջման հնարավորությունից:

Հաջորդ տարվա համար ինչպիսի նոր պրոդուկտներ կցանկանայիք անոնս անել։

-Պատրաստում ենք մի քանի նոր պրոդուկտ, որոնք օպերատիվության ու տրամադրման տեխնոլոգիայի տեսանկյունից շուկայում նորություն կլինեն: Սակայն, քանի որ ամբողջական փաթեթը դեռ մշակման փուլում է, մանրամասներ չեմ կարող նշել: Միշտ շարժվել ենք այն քաղաքականությամբ, որ պետք է սկզբում քիչ խոսել, իսկ հետո շատ գործել:

Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ խթանելու է տեղական արտադրությունը և ձեռնարկատիրությունը։ Ձեր վարկային կազմակերպությունում ներկայացվող բիզնես ծրագրերում զգացվու՞մ է տարբերություն, ավելի շա՞տ են սկսել արտադության և ձեռնարկատիրության վարկավորման համար դիմել։

- Համոզված ենք, որ ֆինանսական կառույցների կողմից հատկապես ձեռնարկատիրական նպատակներով տրամադրվող վարկերը միանշանակ դրական ազդեցություն են թողնում հայրենական տնտեսության և մասնավորապես արտադրության վրա: Կարևորելով այս ոլորտը՝ Գլոբալ Կրեդիտը, իհարկե պահպանելով վարկավորման ընդունված սկզբունքները, միաժամանակ ձգտում է, որպեսզի բավարարվեն կազմակերպությանը դիմած ձեռնարկատերերի վարկավորման բոլոր հայտերը: Կցանկանայի նշել նաև, որ, ուշադրություն դարձնելով բիզնեսի պոտենցիալին, դեպքեր ենք գրանցել, երբ վարկավորել ենք անգամ ռիսկային բիզնես ծրագրերը և ստացել ենք գերազանց արդյունք:  Արդյունքում, Հայաստանյան ֆինանսական շուկայում սպառողական վարկերի նկատմամբ աճող պահանջարկի ընդհանուր ֆոնին, նկատելի է մեր ընկերությունում նաև ձեռնարկատիրական վարկերի տրամադրման ծավալների աճը: Հուսով ենք, որ տեղական արտադրության ծավալների ավելացումը, Գլոբալ Կրեդիտ և այլ ընկերությունների կողմից վարկային միջոցների ուղղումը դեպի շուկա կստեղծեն նպաստավոր պայմաններ երկրի համաչափ զարգացման և տնտեսական աճի համար:

Այս նոր տարում մաղթում ենք տնտեսական կայունություն, ֆինանսական վերելք, իսկ Գլոբալ Կրեդիտը միշտ Ձեզ հետ է՝ օգնելու իրականացնել Ձեր մտահաղացումները: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: